
Հասցե՝ ԱՀ, ք. Ստեփանակերտ Վազգեն Սարգսյան 25, հեռ. +374 47 943942,
+374 47 947569
ՀՀ Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր գյուղում ինքնատիպ մի ընտանիք է ապրում՝ Ստեփանյանների արվեստաշունչ ընտանիքը, որի զավակներից յուրաքանչյուրը բազմաթիվ առիթներ է ունեցել՝ հասարակությանը հիացնելու, իսկ Տիգրան որդին՝ միջազգային տարբեր մրցույթներում հանդես գալու և իր երաժշտական ընդունակություններով աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հանձնախմբի անդամներին զարմացնելու:
Այս գեղեցիկ ու շնորհաշատ ընտանիքի ստեղծագործական ուղու պատմությունը՝ ստորև:
Ստեփանյանների ընտանիքում բոլորն են ունկնդրին հիացնում իրենց յուրահատուկ արվեստով, դստրիկները՝ դաշնամուրային գեղեցիկ կատարումներով, հոգեպարար երգով, որդին՝ դաշնամուրային հիասքանչ կատարումով և անկրկնելի երգով, և յուրաքանչյուրի կատարումը բարձրարվեստ է, գերազանց: Ասելիքը սկսենք շնորհաշատ Տիգրանից:
Տիգրան Եղիշեի Ստեփանյանը ծնվել է Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր գյուղում, աշխատավորի ընտանիքում՝ 2009 թվականի ապրիլի 23-ին: Վաղ մանկությունից աչքի էր ընկնում երաժշտության նկատմամբ դրսևորած սիրով: 4-5 տարեկանից սկսած, երգում էր՝ ցուցաբերելով համապատասխան ունակություններ: Ոգևորված՝ Կոմիտաս էր երգում, առաջին երգը «Կաքավիկն» էր, ապա՝ «Սոնա յար»-ը: Իսկ Տիգրանի երաժշտական ուղին սկիզբ առավ պատահականորեն, թերևս՝ Աստծո կամոք. մեծ քույրիկը՝ Քրիստինեն, ով նույնպես երգում էր՝ առանց երաժշտական կրթություն ունենալու և բազմաթիվ մրցույթների դափնեկիր էր դարձել, հերթական՝ «Հայ-ռուսական բարեկամության կամուրջ» մրցույթի ժամանակ, կրկին հաղթեց՝ գրավելով առաջին տեղը: Հանձնախմբի նախագահն էր մշակութաբան Մարո Սիմոնյանը, ով հետաքրքրվելով, թե որտեղից է Քրիստինեն, ինչ ընտանիքի երեխա է, ծնողներին առաջարկեց Քրիստինեին անպայման տալ երաժշտական կրթության: Եղեգնաձորի մշակույթի տանն ընթացող հերթական երաժշտական պարապմունքի ժամանակ մայրը նաև Տիգրանին տարավ իր հետ: Տիկին Սիմոնյանին խնդրեց ստուգել որդու երաժշտական ունակությունները: Լսելուց հետո մշակութաբանն ասաց.
-Մենք մոմի լույսի տակ ենք այսպիսի տաղանդներ փնտրում և հայտնաբերեցինք օրը ցերեկով: Խստիվ պատվիրեց ծնողներին՝ երեխային երաժշտական կրթության տալ: Ճիշտ է, Տիգրանը շատ փոքր էր դեռ, բայց ուսուցչուհուն՝ Թամարա Մարգարյանին շատ սիրելով՝ կապվեց երաժշտությանը և պարապմունքներին: Հարկ է նշել, որ Թամարա Մարգարյանը հանդիսանում էր «Ատգեն Արմենյան» հիմնադրամի սան և դեռ նոր էր ավարտել կոնսերվատորիան ու Տիգրանին ընդունեց ջերմորեն և ամենայն պատրաստակամությամբ: Այդ ընթացքում մայրը Մարո Սիմոնյանին ներկայացրեց նաև իր երկրորդ դստերը՝ Լուսինեին: Վերջինս պարտադրեց ծնողներին՝ Լուսինեին նույնպես ուղարկել «Ատգեն Արմենյան» երգչախումբ:
-Եզակի ձայն ունի Լուսինեն,-բնորոշեց նա:
Լուսինեն այդուհետ նույնպես սկսեց այցելել նշյալ երգչախմբի պարապմունքներին՝ միաժամանակ հաճախելով նաև դաշնամուրի պարապմունքներին:
Երեխաների սովորելուց մեկ տարի հետո Մշակույթի տուն այցելեց «Ատգեն Արմենյան» հիմնադրամի տնօրենը՝ կանադահայ Վան Արմենյանը: Իմանալով, որ մի ընտանիքից երեք երեխա են այցելում երգչախմբի պարապմունքներին՝ ցանկություն հայտնեց տեսնել, թե որտեղից են նրանք: Երեխաների մայրը մեծ սիրով նրան՝ ընտանյոք հանդերձ, իրենց գողտրիկ գյուղ հրավիրեց՝ ծանոթանալու բնաշխարհի գեղեցկություններին և երեխաների ապրելակերպին: Տեղ հասնելուն պես նրանք և՛ հիացած էին, և՝ զարմացած, թե այդքան հեռվից երեխաներն ինչպես են կարողանում ամեն անգամ պարտաճանաչ կերպով հաճախել երգչախմբի պարապմունքներին: Վան Արմենյանը տեղեկացրեց, որ երեխաների ուսման վճարն այդուհետ կֆինանսավորի «Ատգեն Արմենյան» հիմնադրամը:
Այնուհետև, երեխաների հետ աշխատող ուսուցիչները տեղափոխվեցին Եղեգնաձորի երաժշտական դպրոց՝ իրենց հետ տանելով նաև նշյալ շնորհալի սաներին:
Դրանից հետո արդեն սկսվեց լուրջ մրցույթների շրջանը՝ մարզայինից անցնելով հանրապետական և միջազգային մրցույթների: Այդ մրցույթներին Տիգրանը՝ երգելով տարբեր լեզուներով՝ ռուսերեն, իտալերեն, հայերեն, ներկայացնում էր հիմնականում դասական ստեղծագործություններ՝ շահելով լսարանի անկեղծ հիացմունքը: Ուսուցչուհու՝ Թամարա Մարգարյանի անձնվեր աշխատանքի արդյունքում, Տիգրանը գրեթե բոլոր մրցույթներում հաղթող առաջատարի դիրքում էր: Ամեն մրցույթի վերջում հանձնախմբի անդամները գոհունակությամբ ու մեծ հիացմունքով էին արտահայտվում Տիգրանի մասին՝ ուսուցչուհուն հորդորելով նման ոգով ու պատրաստակամությամբ առաջ ընթանալ:
2022 թվականին Վայոց Ձորի մարզպետարանից Տիգրանին և 9 այլ շնորհալի երեխաների ընտրեցին՝ որպես մարզի լավագույն երեխաներ՝ ուղարկելով Արխանգելսկ՝ ակտիվ հանգստի, ուր նաև պետք է ներկայացնեին հայկական մշակույթը:
Տիգրանը գործուն կերպով մասնակցում է նաև ինչպես դպրոցական, այնպես էլ՝ գյուղում կազմակերպվող միջոցառումներին՝ իր արվեստով մշտապես մեծ հիացմունք պատճառելով ներկաներին:
Այս տարի Տիգրանն ավարտում է երաժշտական դպրոցի ակադեմիական վոկալ բաժինը: Շնորհաշատ պատանին շատ մեծ ծրագրեր ունի ապագայի նկատմամբ: Ցանկություն ունի ընդունվելու Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ, այնուհետև՝ կոնսերվատորիա, թեև մեծ սեր ունի նաև դերասանական արվեստի նկատմամբ: Մարզի թատերագետները գտնում են, որ Տիգրանը դերասանական մեծ տվյալներ ունի:
Այս շնորհալի երեխաների մայրը՝ մասնագիտությամբ հաշվապահ Հայկուհի Հակոբյանը, փաստում է, որ Տիգրանի երաժշտական կատարումները բազմիցս է ներկայացնում ֆեյսբուքյան հարթակում, և բազմաթիվ են հիացական արձագանքներն աշխարհի տարբեր ծայրերից՝ Ֆրանսիայից, Կանադայից, Պորտուգալիայից, Սիրիայից և բազում այլ երկրներից:
Ֆրանսիայից՝ Լիոնից, որդուն բարձրարժեք գնահատական է տրվել.
-Տիգրանն ասես փոքրիկ Ազնավուրը լինի:
-Արվեստագետների այսքան բարձր գնահատականները պարտավորեցնում են ավելի պատասխանատու դրսևորել ինձ հետագա ձեռնարկումներիս ժամանակ,-համոզված է 14-ամյա Տիգրանը:
Հյուրասրահում՝ հատուկ սեղանիկի վրա, շարված են մի քանի տասնյակի հասնող դիպլոմներն ու պատվոգրերը, շնորհակալագրերը՝ տրված Տիգրան Ստեփանյանին՝ ինչպես Վայոց Ձորի մարզպետարանի, այնպես էլ՝ միջազգային մրցույթների տարբեր հանձնախմբերի կողմից: Ահա տարբեր տարիների տրված «ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ» Արվեստի միջազգային 11-րդ, 12-րդ մրցույթ-փառատոնների առաջին կարգի դափնեկրի դիպլոմները՝ տրված «Ակադեմիական և էստրադային երգեցողություն կենդանի նվագակցությամբ» անվանակարգում, ահա «ԱՐՏ ՍԵԹ» պրոդյուսերական կենտրոնի 1-ին կարգի պատվոգիրը՝ տրված «Արվեստ» միջմարզային մրցույթ-փառատոնին մասնակցելու համար, ահա «ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ» Արվեստի միջազգային 13-րդ մրցույթ-փառատոնի առաջին կարգի դափնեկրի դիպլոմը, ահա Վաղարշապատի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնի առաջին կարգի դիպլոմը՝ տրված «Ակադեմիական վոկալ» անվանակարգում, ահա Արխանգելսկից ուղարկված դիպլոմը՝ տրված կրթության նախարարության կողմից՝ երգի հիասքանչ կատարման համար՝ «Միությունն ուժ է» խորագրի ներքո: Բազմաթիվ և անհաշիվ են դրանք: Տիգրանի ստացած մեդալները 7-ն են:
Տեղեկացնենք նաև, որ Տիգրանի մեծ քույրը՝ Քրիստինեն, այժմ սովորում է Հայ-ռուսական համալսարանում՝ «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» բաժնում: Նույն հետքերով այս տարի որոշել է գնալ նաև կրտսեր քույրը՝ Լուսինեն:
Հայկուհի Հակոբյանը համոզված է, որ երեխաները՝ նպատակասլաց և աշխատասեր լինելով, անշուշտ, կհասնեն իրենց բաղձալի երազանքների իրականացմանը: Այս արվեստաշունչ ընտանիքի հայրը՝ մասնագիտությամբ ինժեներ-մետալուրգ, Աղնջաձորի միջնակարգ դպրոցի զինղեկ Եղիշե Ստեփանյանը՝ լիարժեք վստահելով իր զավակներին, հույս ունի, որ ապագայում ինչպես հայ, այնպես էլ՝ այլ ազգերի ժողովուրդներին հիացնելու առիթներ, զավակները շատ կունենան՝ հայ ժողովրդի բազմադարյա արվեստը, նաև՝ այլ ժողովուրդների արվեստի նմուշներ, ներկայացնելով միջազգային ասպարեզում:
Գլխավոր խմբագիր՝ ՍՈՖՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ